ՀՀ ՄԻՊ-ը միջազգային լրատվամիջոցներին է ներկայացրել հայ գերիների վերադարձի հրատապությունը

94

Հռոմում հոկտեմբերի 7-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առանձին հանդիպել է «The Guardian», «Times», «France 24», «DW Germany», «Stampa Estera», «Rai», «Al Ghad TV» և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ապացույցներով ներկայացնելով ադրբեջանական կողմի խոշտանգումները հայ գերիների նկատմամբ, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներով։

Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը՝ նշելով, որ Արման Թաթոյանը հատուկ անդրադարձել է անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգին։ Նա շեշտել է, որ ԵԽԽՎ-ում բանաձևում ևս ներառվել է հայկական կողմի առաջարկը, քանի որ փաստերով հիմնավորվել է դրա անհրաժեշտությունը:

Պաշտպանն անդրադարձել է նաև պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, հանցավոր արարքներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, ոտնահարում է նրանց իրավունքները, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։

Արման Թաթոյանը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները, և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով:

Նա բացատրել է, որ իրավունքների խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի հիմքում ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի քաղաքականությունն է, որ շարունակվում է և ֆաշիզմի դրսևորումներով է:

«Ադրբեջանական նման քաղաքականությունը, երբ հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում են պետական մակարդակով, լրջորեն վտանգում է մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը, երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության հեռանկարները»,- նշել է Հայաստանի Օմբուդսմանը և հատուկ շեշտել՝ ադրբեջանական խաղաղասիրական կոչերը պարզապես շղարշ են միջազգային հանրության համար։