«Զանգեզուրի միջանցք» թյուրքական ծրագրի բացառումը միավորում է անգամ աշխարհաքաղաքական ախոյաններին

890

Թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Իրանի դեմ սանձազերծված բազմաշերտ արշավի առանցքային պատճառներից մեկն էլ այն է, որ Թեհրանը տարածաշրջանային դերակատարներից միակն է, որը Երևանի հետ միասին բացեիբաց դեմ է հանդես գալիս տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման միջանցքային թյուրքական նախագծին («Զանգեզուրի միջանցք»)։

Չի բացառվում, որ լարվածության շարունականության ապահովման միջոցով Անկարա-Բաքու դաշինքը նպատակ է հետապնդում որևէ փուլում ենթադրվող բանակցային ձևաչափում Թեհրանի դեմ հստակ պահանջ դնել՝ հրաժարվելու «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը բացառելու ուղեգծից։

Մինչդեռ իրանական կողմի դիրքորոշումը, առնվազն առայժմ տեղ գտած դիվանագիտական մանևրներից և հռետորաբանությունից դատելով, տրամագծորեն հակառակ ուղղությամբ է։ Պաշտոնական Թեհրանն իր շարունակական հայտարարաություններով ոչ միայն շարունակում է գուժել «միջանցքային քողի» ներքո տարածաշրջանում սահմանային փոփոխությունների հեռահար ծրագրերի անթույլատրելիության մասին, այլև այս ուղեգծի իրացման ճանապարհին փորձ է կատարում ձևավորելու որևէ միասնական հակաթյուրքական առանցք՝ առայժմ գոնե Կովկասում և Մերձավոր Արևելքում։

Եվ չնայած արտաքուստ նաև Արևմուտքի շահերից է բխում Բաքվի հանդուգն ու սանձարձակ վարքը Թեհրանի նկատմամբ, բայց այնուամենայնիվ, ակնհայտ է, որ առնվազն «Զանգեզուրի միջանցքի» բացառման հարցում կա լուռ համախոհություն, որը բացահայտ կերպով երևում է նաև Հայաստանում Իրանի ու արևմտյան առանցքային պետությունների (ԱՄՆ, ԵՄ, Ֆրանսիա) դիվանագիտական ներկայացուցչությունների՝ հաճախ նմանվող  նպատակային գործունեության արդյունքում։

Արմեն Պետրոսյան