Վրաստանի ԱԳ նախարարը՝ «3+3» ձևաչափով քննարկումների մասին

148

Վրաստանի համար դժվար կլինի մասնակցել «3+3» ձևաչափին, այնուամենայնիվ երկիրը պետք է ինչ-որ կերպ ներկայացված լինի խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում։ Այս մասին Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կողմերը «քննարկել են նաև «3+3» ձևաչափ ստեղծելու մասին նախաձեռնությունը․ երեք անդրկովկասյան երկրներն ու նրանց երեք մեծ հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան»:

Վրաստանի արտգործնախարարի խոսքով` Թբիլիսիի համար դժվար կլինի մասնակցել այդ ձևաչափին Աբխազիայից և Ցխինվալի տարածաշրջանից (Հարավային Օսիա) ռուսական զորքերի դուրսբերման հարցում առաջընթացի բացակայության ֆոնին:

«Մենք պետք է գոնե ինչ-որ ձևով ներկայացված լինենք այդ խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում, բնականաբար՝ ոչ պետական շահերի և ինչ-որ զիջումների հաշվին»,-ասել է Զալկալիանին։

Միաժամանակ նա կարևորել է, որ Վրաստանը հետ չմնա տարածաշրջանում զարգացող գործընթացներից և անպայման մասնակցի բոլոր նոր նախագծերին, նույնիսկ ենթակառուցվածքային։ Հակառակ դեպքում դրանք կշրջանցեն Թբիլիսին և երկիրը կկորցնի իր դերն ու գործառույթը։