Հրապարակվել են Իրաքի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

123

Հոկտեմբերի 10-ն Իրաքում տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները: Այս մասին տեղեկացնում է իրաքյան SHAFAQ լրատվական գործակալությունը:

Ինչպես տեղեկացնում է աղբյուրը՝ Իրաքում ընտրություններն անցել են անվտանգության աննախադեպ միջոցառումների պայմաններում: Երկրում փակ են եղել բոլոր սահմանային անցակետերն ու օդանավակայանները:

Իրաքի բարձրագույն ընտրական անկախ հանձնաժողովը հոկտեմբերի 11-ին ներկայացրել է ընտրության նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ Իրաքի հոգևոր առաջնորդ Մուկթադա Ալ-Սադրի գլխավորած «Ալ-Սադր շարժում» կուսակցությունը զբաղեցնելու է ամենաշատ տեղերը խորհրդարանում՝ 73 տեղ: Խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Ալ-Հալբուսիի կուսակցությունը՝ «Թակադումը» զբաղեցնելու է 38 տեղ, իսկ նախկին վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի «Օրենքի երկիր» դաշինքը՝ 37:

Ավելի վաղ երկրի վարչապետ Մուստաֆա Քազիմին կոչ էր արել բոլոր իրաքցիներին մասնակցել ընտրություններին և «որոշել երկրի ապագան»:

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային 2022 թվականին: Դրանց վաղ անցկացման անհրաժեշտությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2019 թվականի աշնանից երկրում տեղի են ունենում հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաներ: