Մենք ունենք հստակ տեղեկություն. Իրանի ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանում ահաբեկիչների ներկայության մասին

184

Իրանն ադրբեջանական կողմին զգուշացրել է, որ  Իրանի համար ահաբեկիչների ներկայությունն անընդունելի է: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն իրանական ռադիոալիքներից մեկին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններին:

Մեկնաբանելով Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ խոսնակը դրանք համարել է «շատ բարեկամական, լավ և բազմաշերտ»:

Նրա խոսքով՝ Կովկասի զարգացումներում Իրանը ընդգծել է հարևան երկրների իրավունքերի իրացման քաղաքականության կարևորությունը՝ ողջունելով այդ համատեքստում Ադրբեջանի իրավունքների իրացումը, թեև դրա իրագործման համար Իրանը պատերազմը ճիշտ մեթոդ չի դիտարկել և ընդգծել է երկխոսության անհրաժեշտությունը:

«Պատերազմի օրերից տեղեկություններ են հրապարակվել Ադրբեջանի տարածք ահաբեկչական խմբավորումների տեղափոխման վերաբերյալ և մենք փաստաթղթեր, անգամ նրանց խոսակցություններն ունենք, հստակ տեղեկություններ ունենք»,-ասել է Խաթիբզադեն՝ հավելելով, որ «ադրբեջանական կողմին ասել ենք, որ դա մեզ համար անընդունելի է, և նրանք ամենաբարձր մակարդակով մեզ խոստացան, որ կվերացնեն այդ մտահոգությունները»:

Խոսնակը նաև անդրադարձել է իրանցի վարորդների նկատմամբ Ադրբեջանի ոչ բարեկամական վերաբերմունքին, որից հետո երկկողմ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը խոստացել է վերացնել «Իրանի մտահոգությունները»:

Խաթիբզադեն, մեկնաբանելով Ադրբեջանի որոշ պաշտոնյաների ոչ դիվանագիտական հայտարարություններին, ասել է, որ այդ հայտարարություններին Իրանը պատասխանել է իր խողովակներով:

«Պետք է նշել, որ տարածաշրջանում կան որոշ երրորդ խմբեր, որոնք չեն ցանկանում, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները լինեն բարեկամական: Սակայն մեր հարևանների նկատմամբ բարիդրացիական քաղաքականություն իրականացնելու համատեքստում հավատում ենք հարևանների հետ եղբայրական հարաբերություններին՝ բառի բուն իմաստով»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը: