Նախօրեին Մոսկվայում բանակցություններ էին կազմակերպվել՝ նվիրված քաղաքացիական պատերազմի ճանկերում գտնվող Լիբիայում կարգավորման հասնելու նպատակին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջը և երկրի արևելքում տեղակայված Լիբիայի խորհրդարանի ներկայացուցիչը հրադադարի պայմանագիր են կնքել՝ հստակեցնելով զորքերի միջև շփման գծի սահմանները։ Բայց Լիբիական ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթերը հրաժարվել էր ստորագրել այդ պայմանագիրը և մտածելու ժամանակ էր խնդրել՝ մինչև հունվարի 14-ի առավոտ։
Սակայն հունվարի 13-14-ի գիշերը Հաֆթերը լքել է Մոսկվան՝ այդպես էլ չստորագրելով հաշտության համաձայնագիրը։ Հաֆթերին ենթակա ուժերն արդեն հայտարարել են, որ պատրաստ են մարտի և վճռական են տրամադրված՝ մինչև հաղթանակ պայքարելու հարցում։
Տրիպոլիում տեղակայված Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջը հունվարի 12-ին հայտարարել էր երկրի արևմուտքում ռազմական գործողությունների դադարեցման մասին։ Նույն օրը զինադադարի մասին հայտարարել էր նաև երկրի արևելյան մասի իշխանություններին սատարող Լիբիական ազգային բանակի ղեկավար Խալիֆա Հաֆթերը։ Այսպիսով, փաստորեն, կողմերն ընդունել էին հունվարի 8-ի ստամբուլյան հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հաշտություն կնքելու առաջարկը։
Հիշեցնենք, որ Լիբիայում քաղաքացիական պատերազմը սկսվել է 2011թ․՝ երկիրը շուրջ 40 տարի ղեկավարած Մուամմար ալ-Քադդաֆիի իշխանության տապալումից հետո։ Իշխանության համար ներքին պայքարը երկրում այդպես էլ չավարտվեց որոշակի կողմի հաղթանակով։ Այսօր երկրում փաստացի երկիշխանություն է․ երկրի արևմտյան հատվածը՝ Տրիպոլի մայրաքաղաքով, ղեկավարում է Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը, որին ճանաչում են ՄԱԿ-ը, արևմտյան երկրները, Թուրքիան և Կատարը։ Երկրի արևելյան մասը գտնվում է Լիբիական ազգային բանակի վերահսկողության ներքո։ Ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների՝ Հաֆթերին աջակցում է Ռուսաստանը։