ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված. Փաշինյանը՝ Պուտինին

240

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված։ Այս մասին հոկտեմբերի 12-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր տարածաշրջանում ու ամբողջ աշխարհւմ այսօր դինամիկ գործընթացներ են տեղի ունենում, և շատ կարևոր է, որ դաշնակիցները հաճախակի հանդիպեն, ինչպես Դուք եք ասում` համաձայնեցնել անելիքները։ Իհարկե, մեր տարածաշրջանում դեռևս չի կարելի խոսել վերջնական կայունացման մասին։ ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված, և հասկանալի է, որ կոնֆլիկտի կարգավորման ու տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանը կարևոր դերակատարություն ունի, հանդիսանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Պուտինին ՌԴ այցելելու հրավերի համար` նշելով, որ սա այս տարի ՌԴ նախագահի հետ արդեն չորրորդ հանդիպումն է, իսկ նման հանդպումները վկայում են երկկողմ հարաբերությունների ու ռազմավարական գործընկերության կարևորության, ինչպես նաև` փոխըմբռնման մասին։

ՌԴ նախագահը իր հերթին նշել է, որ մշտական հեռախոսային կապի մեջ է Փաշինյանի հետ, սակայն անհրաժեշտ արդյունքի հասնելու տեսանկյունից անձնական հանդիպումները միշտ էլ արդյունավետ են անցնում: Պուտինը հույս հայտնեց, որ այս անգամ ևս այդպես կլինի:

«Մենք կխոսենք թե՛ ֆորմալ, և թե՛ ոչ ֆորմալ միջավայրում, կճաշենք, կքննարկենք ընթացիկ գործերը, կխոսենք հեռանկարների մասին: Շուտով մեզ մոտ ԱՊՀ գագաթնաժողովն է, կցանկանայինք ձեզ հետ համաձայնեցնել անելիքները նաև այդ ուղղությամբ և, բնականաբար, մեր համագործակցության հիմնական հարցերով, այդ թվում՝ այսօրվա դրությամբ և երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կարգավորման հարցով:»,- ասել է Պուտինը: