Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

145

Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելով, որ Թեհրանում ակնկալում են Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնող իրանական բեռնատարների հարցի լուծումը: Զրույցը կայացել է Ադրբեջանի և Իրանի միջև վերջին շաբաթներին սրված հարաբերությունների ֆոնին։

«Ընդգծելով պետությունների անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար հարգելու կարևորությունը՝ Բաքուն և Թեհրանը կապված են վաղեմի և կայուն հարաբերություններով։ Մենք չպետք է թույլ տանք, որ մեր միջև թյուրըմբռնումներ լինեն, անհրաժեշտ է հարաբերությունները տանել ամրապնդելու և ընդարձակելու ճանապարհով», — նշել է Իրանի արտգործնախարարը։

Հեռախոսազրույցի ընթաքում Հոսեյն Ամիր Աբդոլահիանն անդրադարձել է նաև Իրանից Հայաստան ձգվող ճանապարհի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած հատվածներում ի հայտ եկած խնդիրներին։ Մի քանի շաբաթ է՝ Բաքուն մաքսատուրքեր է պահանջում Գորիս-Կապան մայրուղու այդ 21 կիլոմետրանոց հատվածով անցնող իրանցի վարորդներից, երկուսին էլ ձերբակալել է՝ ապօրինի Ղարաբաղ այցելելու համար։

«Թեհրանն ակնկալում է, որ տարանցիկ բեռնատարների հարցը կլուծվի», — շեշտել է Աբդոլլահիանը:

«Թեհրանն ու Բաքուն թշնամիներ ունեն և չպետք է հնարավորություն տան, որ այդ թշնամիները փչացնեն երկկողմ հարաբերությունները։ Տարաձայնությունները պետք է կարգավորվեն երկխոսության ու համագործակցության ճանապարհով»,- հավելել է Աբդոլահիանը։

Ադրբեջանի արտգործնախարարը ևս նշել է, թե երկու երկրները բարեկամական հարաբերություններ ունեն, և պնդել, թե դրանց պահպանումը գերակայություն է Բաքվի համար։

«Նախարար Բայրամովը կարևորել է առկա տարաձայնությունների կարգավորումը անկեղծ միջավայրում՝ երկխոսության միջոցով», — հաղորդում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հավելելով՝ Բայրամովն առաջարկել է, որ երկու երկրների մաքսավորները հանդիպեն և քննարկեն բեռնատարների տարանցման հարցը։

Զրույցի ավարտին Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարները միմյանց այցելելու հրավերներ են փոխանակել, հաղորդում է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունը։