Իրանն իր անմիջական հարևանությամբ չի հանդուրժելու ահաբեկչության ծավալում. Իրանի գլխավոր դատախազ

151

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով հոկտեմբերի 12-ին եռօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից

Վերջին 8 տարվա ընթացքում ԻԻՀ գլխավոր դատախազի առաջին այցը մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազի հետ կայացած ընդլայնված կազմով բանակցություններով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների դատախազությունների համագործակցության ծրագրերը:

Անդրազգային հանցավորության դեմ պայքարի համատեքստում գլխավոր դատախազների կողմից կարևորվել է տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, ահաբեկչական խմբավորումների ներկայությունը տարածաշրջանում բացառելու անհրաժեշտությունը, որն արդիական է դարձել հատկապես 2020թ. արցախյան պատերազմի ընթացքում հակամարտության գոտի նման խմբավորումների տեղափոխման և տեղակայման պատճառով:

ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել այս հարցում իրանական կողմի ընդգծված անհանդուրժողական դիրքորոշումը, և փոխանցել այս չարիքի դեմ համատեղ պայքարում ցանկացած ձևաչափով ներգրավվելու Հայաստանի պատրաստակամությունը:

Պարոն Մոթազերին ևս շեշտել է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության առկա այդ սպառնալիքի դիմագրավման խնդիրը՝ նշելով, որ Իրանն իր անմիջական հարևանությամբ չի հանդուրժելու ահաբեկչության ծավալում: