Իսրայելի ԱԳ նախարարը՝ Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու «այլ տարբերակների» մասին

81

Իրանի հետ բանակցությունների ամեն օր ձգձգումը Թեհրանին մոտեցնում է միջուկային զենքի ստեղծմանը, և Իսրայելը իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի և ցանկացած եղանակով դա կանխել:  Այս մասին  հայտարարել է Իսրայելի ԱԳՆ ղեկավար Լապիդը Վաշինգտոնում  ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի և ԱՄԷ-ի արտգործնախարար Աբդուլլահ Ալ-Նահյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ըստ Լապիդի՝  եթե Իրանը չվերադառնա միջուկային ծրագրի շուրջ 2014 թվականի Վիեննայի բանակցություններին, ապա Իսրայելը կարող է  դիտարկել այլ տարբերակներ:

«Եթե դիվանագիտությունը ձախողվի, ապա այլ տարբերակներ կքննարկվեն: Այլ տարբերակներ ասելով, կարծում եմ՝  թե՛ այստեղ, թե՛ Թեհրանում, թե՛ Իսրայելում, թե՛ Էմիրություններում, բոլորը հասկանում են թե ինչ նկատի ունենք: Իրանի ռեժիմը հրապարակավ հայտարարել է, որ ցանկանում է մեզ  ջնջել երկրի երեսից: Մենք չենք պատրաստվում դա թույլ տալ»,- հայտարարել է Լապիդը:

Նրա խոսքով՝ մինչ աշխարհը սպասում է, որ Իրանը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, նրանք հարստացնում են ուրանը և զարգացնում բալիստիկ հրթիռների իրենց ծրագիրը:

Ըստ Լապիդի՝ Իրանը կանգնած է միջուկային պետություն դառնալու նախաշեմին:

Պետքարտուղար Բլինկենը իր հերթին նույնպես ընդգծել է, որ եթե Իրանը չփոխի իր մոտեցումները, կիրառվելու են «այլ տարբերակներ»:

Օրեր առաջ՝ հոկտեմբերի 12-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Լապիդի հետ երկկողմ հանդիպման ժամանակ շեշտել էր «այլ տարբերակների» անհրաժեշտությունը, եթե դիվանագիտական միջոցները սպառվեն:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 6-ին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Իրանը «շուտով» վերադառնալու է միջուկային ծրագրի շուրջ 2014 թվականի Վիեննայի բանակցություններին: