ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան

52

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը պաշտոնական այցով կժամանի Վրաստան: Այս մասին տեղեկացնում է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը: Լլոյդ Օսթինի այցի ճշգրիտ ամսաթիվը դեռ անհայտ է:

Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի ծրագրված այցը Վրաստան ունի պատմական նշանակություն և ընդգծում է Վրաստանի հետ Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերության կարևորությունը, գրում է 1tv.ge-ն:

Նրա խոսքով, իրենք ակնկալում են, որ այցի ընթացքում նախատեսված հանդիպումների ժամանակ կքննարկեն երկկողմ համագործակցության խորացման հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի ինտեգրմանը վերաբերող հարցեր:

«ԱՄՆ-ի վարչակազմի նման բարձր մակարդակի այցը, մեր գլխավոր ռազմավարական գործընկերոջ կողմից, մեր երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, կայուն ժողովրդավարական զարգացման և եվրաատլանտյան ինտեգրման հստակ աջակցության ևս մեկ ուղերձ է»,- ասել է Զալկալիանին: