Բեյրությում զինված բախումներ են եղել Հեզբոլլահի իրականացրած ցույցերի հետևանքով

113

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հոկտեմբերի 14-ին զինված բախումներ են բռնկվել Հեզբոլլահի և «Լիբանանյան ուժեր» կուսակցության համախոհների միջև: Այս մասին հաղորդում են լիբանանյան ԶԼՄ-ները:

Զոհվել է վեց մարդ, վիրավորվել են 20 բնակիչներ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Արդարադատության պալատի դիմաց Բեյրութի պայթյունի գործով հետաքննություն իրականացնող գլխավոր դատավորի դեմ անցկացվող ցույցերը վերագրվում են Հեզբոլլահին և նրա համախոհներին, որոնք պահանջում են դատավոր Թարեք Բիթարի հեռացումը: Սա լարվածություն է առաջացրել քրիստոնեաբնակ հատվածներում, որն էլ հանգեցրել է զինված բախումների բռնկմանը «Լիբանանյան ուժեր» կուսակցության աջակիցների և Հեզբոլլահի  համախոհների միջև:

Թարեք Բիթարը, ով պայթյունի հետաքննությունն իրականացնող երկրորդ դատավորն է, Հեզբոլլահի և նրա համախոհների կողմից բազմաթիվ քննադատությունների էր ենթարկվել: Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահը Բիթարին մեղադրել էր հետաքննության գործընթացը միտումնավոր քաղաքականացնելու մեջ՝ հարցաքննելով  այն քաղաքական գործիչներին, որոնք կապեր ունեն իրենց կուսակցության հետ:

Սակայն Հեզբոլլահի ոչ մի պաշտոնյայի մեղադրանք չի առաջադրվել 14ամսյա հետաքննության ընթացքում:

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին ժողովրդին հանգստության կոչ է արել, ինչպես նաև երկրի Անվտանգության կենտրոնական խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում պայթյուն էր տեղի ունեցել 2020թվականի օգոստոսի 4-ին, որի հետևանքով մահացել էր ավելի քան 200 մարդ: Պայթյունի պատճառը նավահանգստում ամբարված 2750 տոննա ամոնիումի նիտրատն էր: