Թուրքիայի ՊՆ-ի ղեկավաը խոսել է Սիրիայում հնարավոր նոր ռազմական գործողությունների մասին

556

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ազգային պաշտպանության համալսարանի 2021-2022թթ. ուստարվա բացման արարողության ընթացքում ելույթ ունենալիս, անդրադարձել է հարակից տարածաշրջաններում՝ մասնավորապես Սիրիայում,  Թուրքիայի քաղաքականությանը և հնարավոր քայլերին:

Աքարը, խոսելով Սիրիայում թուրքական ԶՈՒ-ի հնարավոր ռազմական գործողության մասին, ընդգծել է, որ երբ ժամանակը գա պաշտպանելու Թուրքիայի իրավունքները և շահերը, դրանց տեր կանգնելու համար կանեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է:

«Այս հարցում թող ոչ ոք չկասկածի: Ոչ մի դեպքում խոսք չի կարող լինել զիջման, պայքարից հրաժարվելու մասին: Մեր պարտքն է պաշտպանել մեր ազնվական ազգի իրավունքներն ու օրենքի ամեն տառը: Այս առումով մինչև այսօր անհրաժեշտ ամեն բան արել ենք և շարունակելու ենք անել»,-շեշտել է Աքարը:

Նրա պնդմամբ՝ Թուրքիան հարգում է իր բոլոր հարևանների սահմանները և ինքնիշխանությունը, սակայն եթե կան առանց խոչընդոտների գործող ահաբեկիչներ, ապա Թուրքիան ստիպված է գործել:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ամբողջ աշխարհում և տարածաշրջանում լուրջ զարգացումներ ու փոփոխություններ են տեղի ունենում այնպիսի առանցքային հարցերում, ինչպիսիք են պաշտպանական և անվտանգային հարցերը:

Աքարը շեշտել է, որ ուշադիր հետևում են բոլոր զարգացումներին ամբողջ աշխարհում՝ հատկապես Իրաքում, Սիրիայի հյուսիսում, Էգեյան ծովում, Արևելյան Միջերկրականում և Կիպրոսում:

Հիշեցնենք, որ Սիրիայում նոր հնարավոր ռազմական գործողություն սկսելու մասին ակնարկել էին նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: