Իրանն անվտանգության երաշխիքներ է տվել․ Armenia Airways-ը վերսկսում է Երևան -Թեհրան չվերթները

778

Armenia Airways ընկերությունը hունվարի 14-ից վերսկսում է Երևան-Թեհրան-Երևան կանոնավոր թռիչքները: Ինչպես տեղեկացնում է ավիաընկերության ֆեյսբուքյան էջը՝ իրանական կողմն իր օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման երաշխիքներ է տվել։

«Նկատի առնելով Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարված վերջին հայտարարությունն Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքի օգտագործման վերաբերյալ` Armenia Airways-ը դիմել է Իրանի դեսպանատուն և երաշխիքներ ստացել Իրանի օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման վերաբերյալ։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ Արմենիա Էյրվեյզ ավիաընկերությունը վերսկսելու է իր կանոնավոր Երևան-Թեհրան-Երևան թռիչքները Հունվարի 14-ից»,- ասվում է գրառման մեջ:

Նախօրեին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին խորհուրդ տալով դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը։

Հիշեցնենք, որ հունվարի 8-ի առավոտյան Թեհրանում Boeing 737-ի կործանման հետևանքով 176 մարդ էր զոհվել: Իրանական կողմն ընդունել էր, որ սխալմունքի հետևանքով խոցել է ինքնաթիռը հրթիռով: Վթարից հետո «Ուկրաինական ավիաուղիները» չեղարկել էին դեպի Իրան թռիչքները: Air France-ն ու Lufthansa-ն նույնպես հայտնել էին, որ չեն օգտվի Իրանի և Իրաքի օդային տարածքից, իսկ Ռոսավիացիան ռուսական ավիաընկերություններին խորհուրդ էր տվել դադարեցնել թռիչքներն այդ երկրներով, ինչպես նաև Պարսից ծոցի և Օմանի ծոցի տարածքով: