Լիբանանի նախագահը շարունակում է ջանքեր գործադրել՝ լուծելու Պարսից ծոցի դիվանագիտական ճգնաժամը և դրա հարուցած խնդիրները

223

Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի որոշ երկրների հետ ճգնաժամը տարբեր մակարդակներում հանգեցրել է մի շարք բացասական հետևանքների, այդ թվում՝ կառավարության, գրում են լիբանանյան ԶԼՄ-ները:

Նախագահը Լիբանանի անկախության օրվա 78-րդ տարեդարձի առիթով հրապարակված ուղերձում ասել է, որ նա շարունակում է ջանքեր գործադրել դիվանագիտական ճգնաժամը լուծելու համար և հույս ունի, որ լուծումը շուտով կգտնվի:

Անդրադառնալով ճգնաժամի հարուցած խնդիրներին՝ մասնավորապես կառավարության նիստերի չկայանալուն, Աունը նշել է, որ կառավարության խնդիրն անլուծելի չէ, երկրի սահմանադրությունը թույլ տալիս է այն կարգավորել՝ գործադրելով իշխանության բաժանման սկզբունքը:

Այս համատեքստում լիբանանյան Al-Akhbar լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Աունը հաղորդակցվում է Հեզբոլլահի հետ, որպեսզի մեղմացնի նրա դիրքորոշումը և դադարեցnի այդ կուսակցության նախարարների` կառավարության նիստերին չմասնակցելու բոյկոտը: Նա նաև փորձում է բանակցել տեղեկատվության նախարար Ժորժ Կորդահիի հետ, որպեսզի վերջինս ներկայացնի իր հրաժարականը:

Վարչապետ Միկաթին իր հերթին հեռախոսազրույց է ունեցել շիայական կուսակցությունների՝ Հեզբոլլահի և «Ամալ շարժման» առաջնորդների հետ կառավարության նիստերի վերաակտիվացման և դիվանագիտական ճգնաժամի կարգավորման համար, ասել է  «Ուժեղ Լիբանան» բլոկի ներկայացուցիչ Ժորժ Աթալլահը:

Սակայն ըստ Աթալլահի՝ խնդրի «լուծումը դեռևս մշուշոտ է, որովհետև այն, ինչ առաջարկվել է շիայական կուսակցություններին, չի համապատասխանում նրանց պահանջներին»:

Նշենք, որ հոկտեմբերի 13-ին Լիբանանում կառավարության նիստը չէր կայացել Հեզբոլլահի և «Ամալ շարժում» կուսակցությունների պատգամավորների բոյկոտի հետևանքով, որոնք պահանջում էին Բեյրութի նավահանգստի պայթյունի գործը հետաքննող դատավոր Թարեք Բիթարի հրաժարականը: