Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստափանյանը:
ՄԻՊ-ի տեղեկացմամբ՝ կրակահերթը սկսվել է դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում և տևել է 10-15 րոպե։
«Կիրառվել են հիմնականում հրաձգային զինատեսակներ։ Ստացված պարզաբանումների համաձայն՝ կրակահերթերը լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ կիրառված զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով։ Կրակահերթերի հետևանքով մարդկային և նյութական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել»,–հայտնել է Ստեփանյանը։
Նշվում է, որ ադրբեջանական կողմը, խախտելով եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմը և բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, շարունակում է Արցախի ժողովրդի իրավունքների դեմ իր հանցավոր գործողությունները՝ ոտնձգելով առաջին հերթին խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության: