Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բըն Սալմանը դեկտեմբերի 6-ին պաշտոնական այցով մեկնելու է Պարսից ծոցի երկրներ՝ Ծոցի համագործակցության խորհրդի տարեկան գագաթաժողովին ընդառաջ:
Թագաժառանգը սկզբում մեկնելու է Օման, այնուհետև ԱՄԷ, Բահրեյն, Կատար և Քուվեյթ, հաղորդում է սաուդական Al Arabiya հեռուստաալիքը:
Al Arabiya-ն տեղեկացնում է, որ Պարսից ծոցի երկրների առաջնորդների գագաթաժողովը կայանալու է դեկտեմբերի կեսերին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում:
Հաղորդվում է նաև, որ թագաժառանգը Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ քննարկելու է տարածաշրջանային, միջազգային և արաբական երկրներին առնչվող հարցերի վերաբերյալ վերոնշյալ երկրների դիրքորոշումների համակարգումը՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համար:
Նշենք, որ Մուհամմադ Սալմանը Կատարի հետ առաջացած դիվանագիտական ճգնաժամից հետո առաջին անգամ է այցելելու այդ երկիր: 2017թվականին Սաուդյան Արաբիան և իր արաբ դաշնակիցները էմբարգո էին կիրառել Դոհայի նկատմամբ` Կատարին մեղադրելով իսլամիստ մի շարք խմբերին (օրինակ՝ «Մուսուլման եղբայրներին») աջակցություն ցուցաբերելու մեջ: Ճգնաժամը լուծվել է միայն ընթացիկ տարվա հունվարին: