Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Կատար:
Էրդողանի հետ Դոհայում են գտնվում նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, Առևտրի նախարար Մեհմեդ Մուշը, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին, առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը, Նախագահի աշխատակազմի կապի գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, Նախագահին առընթեր պաշտպանական արդյունաբերության տնօրինության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը, կրոնական հարցերի դեպարտամենտի ղեկավար Ալի Էրբաշը։
Ինչպես հայտնում է AFP-ն, Թուրքիան և Կատարը քննարկել են Աֆղանստանում թալիբների կողմից վերահսկվող օդանավակայանի համատեղ շահագործման հնարավորությունը։
«Մենք պատրաստվում ենք միասին գործել»,- Կատարի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Դոհա նախագահ Ռեջեփ Էրդողանի այցից առաջ։
«Կատարը և Թուրքիան մշտապես աշխատում են Աֆղանստանի ժամանակավոր կառավարության հետ՝ օդանավակայանի բացման շուրջ համաձայնության հասնելու համար»,- հավելել է Կատարի արտգործնախարար Շեյխ Մուհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։
Հաղորդվում է նաև, որ տեղի է ունենալու Թուրքիա-Կատար բարձր ռազմավարական կոմիտեի 7-րդ հանդիպումը, որը նախագահելու են Էրդողանն ու Ալ Սանին: