Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը հայտարարել է, որ Ղարաբաղյան պատերազմի հետևանքով Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու հարցում կա դրական ըմբռնում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձված են, իսկ հայ ռազմագերիների վերադարձի գործընթացը շարունակվում է, առկա է դրական ըմբռնում: Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ամբողջությամբ փակվի: ՌԴ խաղաղապահները գործն ավարտին կհասցնեն»,-ասել է Մուրադովը:
Նա նշել է, որ գերիներին վերադարձնելու աշխատանքը գնահատում է որպես խաղաղապահների պարտք:
«Որպես զինվորական, ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացողություններ են նրանք ունեցել: Ես հիշում եմ առաջին թռիչքը դեպի Բաքու, երբ գերիներին վերադարձնում էինք Երևան: Ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում ու տեսանք արցունքներ: Նրանք չէին հավատում, որ վերադարձել են տուն»,-պատմել է Մուրադովը: