Իրաքի ազգային անվտանգության խորհրդական Կասիմ Ալ-Առաջին դեկտեմբերի 9-ին հայտարարել է Իրաքում տեղակայված միջազգային կոալիցիայի ռազմական առաքելության պաշտոնական ավարտի և երկրից դրա դուրսբերման մասին:
«Այսօր մենք ավարտեցինք միջազգային կոալիցիայի հետ երկխոսության վերջին փուլը, որը մեկնարկել էինք դեռևս նախորդ տարի, և պաշտոնապես հայտարարում ենք դրա ռազմական առաքելության ավարտի մասին»,- գրել է իրաքցի պաշտոնյան Twitter-ի իր էջում:
Նշենք, որ 2014 թվականից ի վեր Իրաքում տեղակայված էր երեք հազար զինծառայողներից բաղկացած միջազգային կոալիցիա, որոնցից 2500-ը ամերիկացիներ էին: Նրանք Իրաքում պայքարում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ: Կոալիցիան կարևոր դեր է խաղացել ԻՊ-ին պարտության մատնելու գործում: Սակայն ԻՊ-ն Իրաքի տարբեր հատվածներում դեռևս ունի ցանցեր և պարբերաբար իրականացնում է հարձակումներ: