Կահիրեում դեկտեմբերի 9-ին հանդիպել են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Սիսին և Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը, տեղեկացրել է Եգիպտոսի նախագահի աշխատակազմը:
Հանդիպման ընթացքում Սիսին վստահեցրել է, որ Եգիպտոսը շարունակելու է ջանքեր գործադրել Գազայի վերակառուցման ուղղությամբ, ինչպես նաև կանխելու Իսրայելի և Պաղեստինի միջև հետագա լարվածությունը:
Սիսին նաև կոչ է արել Լապիդին շարունակել ջանքեր կիրառել՝ «երկու պետություն» սկզբունքի հիման վրա իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման և խաղաղություն հաստատման համար:
Իր հերթին Իսրայելի արտգործնախարար Լապիդը Եգիպտոսի նախագահին է ներկայացրել Իսրայելի ծրագիրը՝ առաջարկելով տնտեսական զարգացում Գազայում անվտանգության հաստատման դիմաց:
Իսրայելցի պաշտոնյայի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագրին առնչվող մի շարք խնդիրներ:
«Երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացումը Իսրայելի կարևորագույն առաջնահերթություններից է: Մենք շարունակելու ենք միասին աշխատել տարածաշրջանի կայունության ապահովման համար: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար»,- գրել էր Լապիդը Twitter-ի իր էջում:
Նշենք, որ Եգիպտոսը և Իսրայելը հարաբերությունները կարգավորել են դեռևս 1979թվականին՝ խաղաղության պայմանագիր կնքելով: Իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերին Իսրայելի վարչապետը 10 տարի անց առաջին անգամ այցելել էր Եգիպտոս և Շարմ Էլ Շեյխում հանդիպել էր Աբդել Ֆաթահ Սիսիի հետ: