Միրզոյան․ «Արցախի հայության ֆիզիկական անվտանգ գոյությունը Ադրբեջանի սուվերենության ներքո անհնար է»

743

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը անհնար է համարում Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի սուվերենության ներքո՝ հաշվի առնելով 30 տարի առաջ Բաքվում, Սումգայիթում ու Կիրովաբադում կազմակերպված հայերի ջարդերի և Ադրբեջանի իշխանությունների հակահայ քաղաքականությունը։ Ելույթ ունենալով հունվարի 18-ին Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի առթիվ ՀՀ և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում՝ Միրզոյանը մասնավորապես նշել է․

«Որպես ՀՀ ԱԺ նախագահ ևս մեկ անգամ ուզում եմ արձանագրել և վերահաստատել՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, այդ ջարդերի պարբերական բնույթը, կրկնությունը մեկ դարի ընթացքում մի քանի անգամ, դրանց նախորդած և հաջորդած հակահայ քաղաքականության մյուս դրսևորումները անհնար են դարձնում Արցախի հայության ֆիզիկական անվտանգ գոյությունը՝ Ադրբեջանի սուվերենության ներքո: Ըստ այդմ, Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, և Հայաստանի Հանրապետությունը արցախցիների այդ իրավունքի իրացման երաշխավորն է»,- ասաց Միրզոյանը:

Հիշեցնենք, որ 1990թ․ հունվարի 13-19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում իշխանությունների թողտվությամբ հայերի դեմ իրականացված դաժան կոտորածների արդյունքում զոհվեցին կամ բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր: 6-օրյա վայրագություններից հետո շուրջ 250 հազար հայ բնակիչ ունեցող քաղաքը հայաթափվեց: