Դեկտեմբերի 9-ին Կահիրեում հանդիպել են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Սիսին և Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթին:
Հանդիպման ընթացքում Սիսին նշել է, որ Եգիպտոսը պատրաստակամ է աջակցել Լիբանանին անվտանգության և կայունության հաստատման համար՝ նպաստելով այդ երկրի ազգային շահերի իրացմանը:
Միկաթին իր հերթին կարևորել է Եգիպտոսի և Լիբանանի միջև պատմական ամուր հարաբերությունները: Նա նաև բարձր է գնահատել տարբեր ոլորտներում Լիբանանին տրամադրվող միջազգային աջակցությունը մոբիլիզացնելու գործընթացում Եգիպտոսի գործադրած ջանքերը:
Նշենք, որ Կահիրե կատարած այցի շրջանակում Միկաթին հանդիպել է նաև Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ: Վերջինս նունպես վերահաստատել է լիգայի աջակցությունը Լիբանանին՝ ճգնաժամից դուրս գալու համար: