Ղուլյան․ «Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության ցեղասպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում»

695

Հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստը։  ​«Այն, ինչ տեղի է ունեցել 1990 թվականի հունվարին Բաքվում, հանցագործություն է մարդկության դեմ՝ կազմակերպված և իրագործված հարևան պետության իշխանությունների կողմից», — իր ելույթում նշել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Նա հիշեցրել է, որ 1990թ․ հունվարի 13-19-ին Բաքվի հայությունն իրենց բնակավայրերում, աշխատանքի վայրում, կրթական և այլ հաստատություններում ենթարկվել են նվաստացման, խոշտանգումների, ջարդի, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվել են, հազարավորները տեղահանվել և արտաքսվել:

Ղուլյանը նշել է, որ հայատյացությունը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականության գերակայությունը՝ արտահայտվելով անգամ կրթության, գիտության, սպորտի ու մշակույթի  բնագավառներում. «Վերջին օրերին ականատես եղանք դրա հերթական դրսևորմանը, երբ ադրբեջանցի երգիչը հրաժարավեց նույն բեմ դուրս գալ հայ երգչուհու հետ: Ի՞նչ է սա, եթե ոչ ուղղորդված և պետականորեն  հովանավարվող այլատյաց քաղաքականության արդյունք»:  Արցախի ԱԺ նախագահի խոսքով՝ 20-րդ դարի վերջին տեղի ունեցած ոճիրը թեպետ արձանագրվել ու դատապարտվել է միջազգային  հարության կողմից, սակայն դրա կազմակերպիչներն ու իրագործողները որևէ իրավական պատասխանատվության չեն  ենթարկվել:

«Ադրբեջանից արտաքսված և Արցախում ապաստան գտած մարդիկ այդպես էլ միջազգային կարգավիճակ  ու աջակցություն չեն ստացել, և պատերազմի շեմին կանգնած ու սուղ  պայմաններում ապրող Արցախն է, որ մայր  հայրենիքի հետ միասին  իր ուսերին է վերցրել ադրբեջանահայությանն ընդունելու և կենսական պայմաններով  ապահովելու պարտականությունը: Արցախի Ազգային ժողովը մշտապես բարձրաձայնել է այս մասին, կոչ արել  միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին և խորհդարանական կառույցներին իրավական գնահատական տալ  տեղի ունեցածին և կանխել Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյաց  քաղաքականությունը: 

Ինչպես նախորդ տարիներին, այսօր ևս մենք վերահաստատում ենք, որ Արցախի Հանրապետությունը  հետևողական է լինելու Ադրբեջանի տարբեր բնակավայրում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- նշել է Աշոտ Ղուլյանը: