Դեկտեմբերի 19-ին Բաղդադի «Կանաչ գոտում», որտեղ տեղակայված է ԱՄՆ դեսպանատունը, երկու հրթիռներ են արձակվել, գրում է Al Hadath լրատվական կայքը:
Կայքի տեղեկացմամբ՝ հրթիռներից մեկը խոցվել է դեսպանատան C-RAM հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով, իսկ մյուսն ընկել է «Կանաչ գոտու» մերձակայքում: Հրթիռակոծության հետևանքով տուժածներ չկան: Պատճառվել է միայն նյութական վնաս:
«Նվաճող փորձագետների բրիգադ» անվանումը կրող ոչ հայտնի խմբավորումը ստանձնել է հրթիռակոծության պատասխանատվությունը: Մասնավորապես ԶԼՄ-ներում տարածած հայտարարությունում այն հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերի դուրսբերման համար տրված վերջնաժամկետը մոտ է ավարտին, մինչդեռ այդ պայմանավորվածությունները դեռ չեն կատարվել: Այս խմբավորումը ավելացրել է, որ շարունակելու է դիմակայել ԱՄՆ ԶՈՒ-ին «ցավոտ» ավիրահարվածներով:
Հատկանշական է, որ վերջին ամիսներին Իրաքում գտնվող ամերիկյան ուժերը պարբերաբար ռազմական թիրախավորման են ենթարկվել: Նման գործողություններում ամերիկյան կողմը հաճախ մեղադրել է իրանամետ խմբավորումներին:
Նշենք, որ ավելի վաղ՝ դեկտեմբերի 9-ին Իրաքը հայտարարել էր միջազգային կոալիցիայի ռազմական առաքելության պաշտոնական ավարտի և երկրից դրա դուրսբերման մասին: 2014 թվականից ի վեր Իրաքում տեղակայված էր երեք հազար զինծառայողներից բաղկացած միջազգային կոալիցիա, որոնցից 2500-ը ամերիկացիներ էին: Նրանք Իրաքում պայքարում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ: