Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ ձգտում է բնականոն հարաբերություններ պահպանել արաբական բոլոր պետությունների, հատկապես Պարսից ծոցի երկրների հետ։
Դեկտեմբերի 28-ին լիբանանյան հեռուստաալիքներում հեռարձակված ելույթում նա վերահաստատել է, որ Բեյրութը պատրաստակամ է բնականոն հարաբերություններ ունենալ Պարսից ծոցի երկրների հետ, հատկապես հոկտեմբերի դիվանագիտական ճգնաժամի հաղթահարման համատեսքտում, երբ Սաուդյան Արաբիան խզեց իր դիվանագիտական հարաբերությունները Լիբանանի հետ տեղեկատվության նախարար Ժորժ Կորդահիի քննադատության պատճառով։
Բացի այդ, Սաուդյան Արաբիան Հեզբոլլահին մեղադրում է Եմենում հութիներին աջակցելու և Լիբանանի քաղաքական համակարգում գերիշխանություն սահմանելու մեջ։
Հատկանշական է, որ օրեր առաջ՝ դեկտեմբերի 25-ին հութիները ռազմական հարձակում էին իրականացրել Սաուդյան Արաբիայի Ջիզան նահանգի ուղղությամբ, որի հետևանքով սպանվել էին սաուդցի և եմենցի խաղաղ բնակիչներ, վիրավորվել ևս յոթ մարդ։
Լիբանանի արտաքին գործերի նախարարությունն էլ իր հերթին «խստորեն դատապարտել էր Սաուդյան Արաբիայի Ջիզան նահագում իրականացած ահաբեկչական գործողությունը»։
Միշել Աունը նաև կոչ է արել հնարավորինս արագ վերսկսել կառավարության նիստերի աշխատանքները։
«Կոչ եմ անում հրատապ սկսել ազգային երկխոսություն՝ հասկանալու և աշխատելու կարևոր մարտահրավերների հաղթահարման շուրջ, մասնավորապես վարչական և ֆինանսական ընդլայված ապակենտրոնացման, Լիբանանի պաշտպանության ռազմավարության և երկրի տնտեսակական ու ֆինանսական վերականգնման ծրագրերի շուրջ»,- հայտարարել է Աունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ից Լիբանանի կառավարության նիստերը հետաձգվել և չեն կայացել երկրի շիայական կուսակցություններ Հեզբոլլահի և Ամալի բոյկոտի պատճառով։ Այս կուսակցությունները Բեյրութի պայթյունը հետաքննող դատավոր Թարեք Բիթարին մեղադրում են հետաքննության գործընթացը քաղաքականացնելու մեջ և պահանջում են նրա հրաժարականը։