Լիբանանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2022 թվականի մայիսի 15-ին։
Նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ արտերկրում բնակվող լիբանանցիները քվեարկելու են մայիսի վեցին կամ ութին՝ կախված, թե որ երկրում են բնակվում։
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթին դեկտեմբերի 28-ին հայտարարել է, որ արդեն ստորագրել է խորհրդարանական ընտրությունները մայիսին անցկացնելու որոշումը։
«Ես հավատում եմ, որ Նախագահը նույնպես կստորագրի»,- ասել է Միկաթին։
Նրա խոսքով՝ ընտրությունները պետք է անցկացվեն ճիշտ ժամանակին, դրանք կարող են կարգավորել Լիբանանի քաղաքական ուղին։
Նշենք, որ Լիբանանի խորհրդարանը հոկտեմբերի 19-ին որոշում էր ընդունել 2022թվականի մարտի 27-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Սակայն նախագահ Միշել Աունը նշել էր, որ ընտրությունների վաղ անցկացման օրը չի հաստատելու։
Հիշեցնենք, որ, ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, խորհրդարանում ավելացվելու է ևս վեց տեղ լիբանանյան սփյուռքը ներկայացնողների համար։