Դեկտեմբերի 28-ին Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցը և Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը հանդիպել են Ռոշ Հա-Աին քաղաքում գտնվող Գանցի առանձնատանը: Այս մասին տեղեկացնում է The Times of Israel-ը:
Համաձայն Իսրայելի պաշտպանության նախարարության՝ հանդիպումը տևել է երկուս ու կես ժամ:
«Քննարկել ենք տնտեսական և քաղաքացիական միջոցառումների իրականացումը, ինչպես նաև կարևորել անվտանգության համակարգման, ահաբեկչության և բռնության կանխարգելման անհրաժեշտությունը»,- Twitter-ի իր էջում գրել է Գանցը:
Աբբասի գլխավոր խորհրդական Հուսեյն Ալ-Շեյխը, ով նույնպես ներկա է եղել հանդիպմանը, իր հերթին նշել է, որ կողմերը քննարկել են անվտանգության, տնտեսական և մարդասիրական շատ խնդիրներ:
Նշենք, որ 2010 թվականից ի վեր Պաղեստինի առաջնորդն առաջին անգամ է Իսրայելում բանակցություններ վարել իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի հետ: