Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովը կարող է շուտով ձևավորվել: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, գրում է «Ռիա նովոստի»-ն:
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով՝ Ռուսաստանի աջակցությամբ:
«Ելնում ենք նրանից, որ դա շուտով տեղի կունենա: Բարձր մակարդակով ձեռք բերված տվյալ պայմանավորվածությունը կյանքի կոչելու հարցում անհաղթահարելի խոչընդոտներ չենք տեսնում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը:
Ռուդենկոն ընդգծել է, որ ՌԴ-ն հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրման հենց սկզբից հանդես է եկել որպես միջնորդ՝ առաջարկելով Հայաստանին և Ադրբեջանին իր օգնությունը համապատասխան բանակցություններ սկսելու հարցում: