Ադրբեջանի կողմից թաքցվող հայերի ջարդը

990

Իտալական La Verità պարբերականում լույս է տեսել Բաքվում հայերի ջարդերի 30-ամյակին նվիրված հոդված: Հոդվածը կրում է «Ադրբեջանի կողմից թաքցվող հայերի ջարդը» խորագիր:

«30 տարի առաջ հունվարի 13-19-ը Բաքվում իրականացվեցին հայերի զանգվածային կոտորած և տեղահանություն բացառապես ազգային պատկանելության համար:

Արդեն անցել է 30 տարի, բայց Ադրբեջանը շարունակում է թաքցնել ճշմարտությունը։ 30 տարի առաջ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպվեցին ու իրականացվեցին Բաքվում բնակվող հայերի զանգվածային կոտորած և տեղահանություն՝ բացառապես ազգային պատկանելության համար: Ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից, իսկ իշխանությունները հովանավորում էին դրանք: Չնայած 1988թ. Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի հայերի ջարդերից հետո ամբողջ Ադրբեջանում հայերի նկատմամբ ծավալված հետապնդումների և բռնաճնշումների հետևանքով Բաքվի հայությունը ևս հարկադրված էր եղել արտագաղթել, այնուամենայնիվ 1990թ. սկզբին այնտեղ դեռ բնակվում էր մոտ 40 հազար հայ՝ մեծ մասամբ տարեցներ՝ միայնակ, հիվանդ կամ անապահով մարդիկ, որոնք կա՛մ չէին կամենում, կա՛մ պարզապես չէին կարող հեռանալ քաղաքից:

Փաստերը թաքցնելու և դրանք չբարձրաձայնելու պատճառով հնարավոր չի եղել հաշվել Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի ստույգ թիվը։ Ըստ որոշ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների,  էթնիկ պատկանելության պատճառով սպանվել և բռնություններին զոհ է գնացել ավելի քան 450 մարդ: Թալանվել ու բռնագրավվել է Բաքվի հազարավոր հայ բնակիչների ողջ անշարժ ու շարժական գույքը: Հատկանշական է, որ որոշ ականատեսների վկայությամբ այս բռնարարքներին զոհ են գնացել նաև հրեաներ, ռուսներ և այլ օտարազգի քաղաքացիներմի այն այն պատճառով, որ արտաքնապես նման են եղել հայերի: Վայրագություններից մազապուրծ եղած բոլոր հայերը ֆիզիկական ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո գաղթեցին Բաքվից՝ բնակություն հաստատելով  աշխարհի տարբեր երկրներում:

Ընդհանուր առմամբ, Բաքվում հայերը ջարդերի են ենթարկվել առնվազն 3 անգամ՝ 1905, 1918, 1990 թթ.: Քաղաքում, որտեղ մշտապես եղել է հայկական ներկայություն, 1980-ական թթ. վերջին բնակվել է շուրջ 300 հզ. հայ։ Չնայած բնակչության տոկոսային հարաբերակցությամբ հայությունը երբեք մեծամասնություն չի կազմել Բաքվում, բայց Բաքվում հայերն ի սկզբանե ունեցել են բարձր դիրք, զբաղեցրել են նշանակալի պաշտոններ, ծավալել ակտիվ ճարտարապետաշինարարական, ինչպես նաև առևտրատնտեսական գործունեություն, հատկապես՝ նավթարդյունաբերության ասպարեզում։ Բաքվում առաջին արդյունաբերական նավթահորը (սկսել է գործել 1869-ին) պատկանել է ազգությամբ հայ Ի. Միրզոևին (Միրզոյան)։ Բաքվում եղել են բազմաթիվ հայկական կրթամշակութային օջախներ, որոնց գործունեությունը դադարեցվել է 1980-ականների սկզբներին:

Հայերի նկատմամբ իրականացված ջարդերը 1988, 1990 և 1991թթ. ընդունած բանաձևերում դատապարտել է Եվրոպական Խորհրդարանը: Փաստն արձանագրել և դրա հետևանքների մասին 2002թ. խոսել է ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Ֆրելիքը: 1990 թ. հուլիսի 27-ին «New York Times»-ում բաց նամակ է հրապարակվել՝ ուղղված միջազգային հանրությանը, որը ստորագրվել էր Եվրոպայի, Կանադայի և ԱՄՆ-ի 133 նշանավոր գիտնականների և իրավապաշտպանների կողմից, ովքեր բողոքի ձայն էին բարձրացնում Բաքվում հայերի սպանությունների ու ջարդերի դեմ:

Ադրբեջանը սգում է հունվարի 20-ը («Սև հունվարը»)՝ ի հիշատակ խորհրդային զորքերի հետ բախումների ժամանակ մահացած ադրբեջանցիների: Պաշտոնական Բաքուն այդ իրադարձությունները ներկայացնում է որպես հայերի կողմից հրահրված սադրանքների արդյունք՝ փորձելով կոծկել հունվարի 20-ին նախորդած օրերի մասշտաբային հանցագործությունները, որոնք ամրագրված են ոչ միայն ջարդերից մազապուրծ եղած հայերի, ԱԽՍՀ սահմաններից դուրս վերջիններիս ընդունողների հիշողություններում, այլև՝ միջազգային մամուլի վավերագրական և փաստագրական նյութերում:

Հակառակ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրված փաստերի՝ Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս կոծկում են իրենց ցեղասպան գործողությունները և նենգափոխում իրողությունները՝ պատասխանատվությունից խուսափելու համար: Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն նենգափոխում են «սեւ հունվարի» էությունը, այլեւ լռության ու մոռացության են մատնում «երեք ջարդերի մայրաքաղաքի»  պատմությունը՝ փորձելով մոռացության մատնել Բաքվում 1905 թ., 1918 թ. եւ 1990 թ. կոտորածների ու ադրբեջանահայության հանդեպ իրականացրած էթնիկ զտումների և հայրենազրկման քաղաքականության հետեւանքները:

1990թ․ Բաքվի ջարդերը նախորդ՝ 1905 և 1918 թթ․ կոտորածների, խորհրդային տարիներին Նախիջևանի ու այլ հայաբնակ շրջանների հայաթափման և Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղ/  բնակչության նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության շարունակությունն էին։

Կատարված հանցագործություններին մինչ օրս պատշաճ իրավական գնահատական չտալու և անպատիժ թողնելու հետևանքն է նաև ներկայումս Ադրբեջանի Հանրապետության կողմից պետական մակարդակով հայատյացության քաղաքականության իրականացումը: Դրա զոհերն են շարունակում դառնալ ոչ միայն ադրբեջանահայությունն ու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բնակչությունը, այլև բոլոր հայերը անկախ բնակության վայրից:

Ադրբեջանական հասարակության մեջ սերմանված հայատյածության դրսևորման ակտիվ փուլ արձանագրվեց 2016թ. ապրիլին՝ Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ, որը ուղեկցվեց քաղաքացիական ու զինվորական անձանց դաժան սպանություններով՝ գլխատումներով, գերեվարված զինծառայողների խոշտանգումներով ու պատերազմական հանցագործությունների մի շարք այլ դեպքերով»: