Լիբանանի հարավային Նաբատիյա շրջանի ոչ բնակելի հատվածում պայթյուն է որոտացել: Այս մասին գրում են Al Arabiya և Al Hadath լրատվականները:
Աղբյուրների համաձայն՝ հունվարի 13-ին Բեյրութի ժամանակով ժամը 2-ին ուժեղ պայթյուն է որոտացել Դեյր Ալ-Զահրանի և Խոմին Ալ-Ֆուկա գյուղերի միջև ընկած ոչ բնակելի հատվածում: Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ պայթյունի հետևանքով բռնկվել է հրդեհ: Աղբյուրները պնդում են, որ այդտեղ «Հեզբոլլահ»-ի պահեստներն են տեղակայված:
Ականատեսները պատմել են, որ «Հեզբոլլահ»-ի անդամները անմիջապես շտապել են դեպքի վայր և շրջափակել այն: Մինչդեռ տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ «Ամալ» շարժմանը պատկանող շտապօգնության մեքենային թույլ չի տրվել մոտենալ դեպքի վայր:
Նշենք, որ ոչ շատ վաղ՝ հունվարի 4-ին Իսրայելը պնդում էր, որ «Հեզբոլլահ»-ին պատկանող անօդաչու թռչող սարք է խոցել երկրի օդային տարածք մտնելիս: