Եգիպտոսի և Ռուսաստանի զինված ուժերը ընթացիկ տարվա աշնանը համատեղ զորավարժություններ են անցկացնելու: Այս մասին հաղորդել է aawsat.com կայքը՝ հղում կատարելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
Համաձայն ՌԴ ՊՆ-ի տարածած հայտարարության՝ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հարավային ռազմական օկրուգի զինծառայողները ընթացիկ տարվա սեպտեմբերին Եգիպտոսի արաբական հանրապետության տարածքում իրականացնելու են «Բարեկամության նետ 2022» անվանումը կրող ռուս-եգիպտական համատեղ վարժանքներ:
Նշենք, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Սիսիի իշխանության գալուց ի վեր ռուս-եգիպտական հարաբերությունները շարունակում են զարգանալ հատկապես ռազմական ոլորտում: Ինչպես հաղորդում է Եգիպտոսի տեղեկատվության ծառայությունը՝ երկրի սպառազինությունների 30%-ը 1950-1960-ական թթ.-ներին Ռուսաստանից ձեռք բերված զինամթերքն է: Իսկ վերջին շրջանում Ռուսաստանի և Եգիպտոսի միջև ռազմական համագործակցությունը կենտրոնացել է Եգիպտոսի հակաօդային պաշտպանության կարողությունների արդիականացմանը աջակցելուն՝ մասնավորապես կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերը փոխարինելով TOR-M2 համակարգով, իսկ միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերը՝ Buk-M2 համակարգով: Բացի այդ, Եգիպտոսի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը դեկտեմբերի սկզբին Միջերկրական ծովում համատեղ զորավարժություններ էին անցկացրել: