Ավելի քան 40 քաղաքական գործիչ պաշտոնական դիմում է ներկայացրել Իրաքում նախագահական ընտրություններին մասնակցելու համար։
Խորհրդարանի փոխնախագահ Շահավան Աբդուլլահը Իրաքի լրատվական INA գործակալությանը հայտնել է, որ ներկայացված դիմումների իրավասությունը քննելու համար երկու հանձնաժողով է ստեղծվել:
Աբդուլլահի խոսքով՝ շատ դիմումներ կարող են չեղարկվել, և այդ պատճառով առաջիկա օրերին թեկնածուների պաշտոնական թիվը կարող է փոխվել։
Օրեր առաջ «Քուրդիստանի հայրենասիրական միություն» կուսակցությունը Իրաքի գործող նախագահ Բարհամ Սալիհին կրկին առաջադրել է նախագահի պաշտոնում:
Նշենք, որ 2005 թվականին քաղաքական պայմանավորվածությունների հիման վրա Իրաքի նախագահությունը վերապահված է քրդերին: Վարչապետի թեկնածությունն առաջադրում են շիա արաբները, իսկ խորհրդարանի խոսնակի թեկնածությունը՝ սուննի արաբները։
Իրաքի խորհրդարանի խոսնակ է ընտրվել սուննի օրենսդիր Մուհամմադ Ալ-Հալբուսին՝ 200 կողմ ձայնով: Նա պաշտոնավարելու է երկրորդ անգամ:
Ինչ վերաբերում է նախագահի ընտրությանը, ապա, համաձայն Իրաքի սահմանադրության, նախագահին ընտրում է երկրի խորհրդարանը՝ նրա անդամների երկու երրորդի մեծամասնությամբ։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չի հավաքում ձայների անհրաժեշտ մեծամասնությունը, ապա ընտրությանը մասնակցում են առավելագույն թվով ձայներ հավաքած երկու թեկնածուները: Երկրորդ ընտրություններում ձայների մեծամասնություն ստացած թեկնածուն հռչակվում է նախագահ: