Հունվարի 16-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:
Հանդիպման օրակարգում առանցքային են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունությանը վերաբերող հարցերը:
Հայաստանի նախագահն անդրադարձել է Արցախի հարցին, պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, զարգացումներին ու մարտահրավերներին՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ կողմերը նշել են, որ ՀՀ-ԱՄԷ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում փոխշահավետ տնտեսական ու ներդրումային համագործակցության համար: Նախագահ Սարգսյանը հայ-էմիրաթական հարաբերությունները կարևորել է նաև Հայաստանի և արաբական երկրների միջև փոխգործակցության համատեքստում:
ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարն ընդգծել է Հայաստանի հետ արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու Միացյալ Էմիրությունների շահագրգռությունը: Նա մասնավորապես կարևորել է փոխգործակցության խորացումը էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, զբոսաշրջության ոլորտներում:
Կողմերն ընդգծել են երկկողմ փոխայցելությունների կարևորությունը: Այդ համատեքստում նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում այցելել Հայաստան: