Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Իբրահիմ Ազիզին հունվարի 16-ին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները Սաուդյան Արաբիայի հետ և հաստատել դիվանագիտական հարաբերություններ, եթե Ռիյադը նույնպես համապատասխան ցանկություն դրսևորի և քայլեր կատարի: Այս մասին գրում է Aljazeera-ն:
Ըստ իրանցի պաշտոնյայի՝ երկու կողմերի միջև բանակցությունները շարունակվում են, իսկ դեսպանատների բացման խնդիրը նույնպես բարձրաձայնվել է:
Այս համատեքստում իրանական ISNA լրատվական գործակալությունը հունվարի 17-ին տեղեկացրել է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակներում «Իսլամական համագործակցության» կազմակերպությունում իրանցի 3 ներկայացուցիչները մեկնել են Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը վերահաստատել էր Ռիյադի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ Թեհրանի պատրաստակամությունը և տեղեկացրել, որ «Իսլամական համագործակության» կազմակերպության իրանցի ներկայացուցիչները վերադառնալու են Ջիդդա՝ այն համարելով «դրական քայլ»: