Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Ագ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն հունվարի 17-ին հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու առաջիկա քաղաքական շփումների բովանդակությունը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ–ն։
Նշվում է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ստեղծված իրավիճակը՝ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին Վիեննայում վերսկսված «միջուկային գործարքի» լիարժեք իրականացման վերականգնման շուրջ բանակցությունների ութերորդ փուլի համատեքստում:Բացի այդ, կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ Մոսկվայում բանակցություններ կվարի Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսիի հետ: