Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողով դեռևս չի ձևավորվել, քննարկվում են պայմանները, որոշակի հանգամանքներ կան պարզելու: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Թագուհի Ղազարյան հարցին, թե արդյոք կա՞ կոնկրետ պայմանավորվածություն՝ սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:
«Առայժմ սահմանագծման, սահմանազատման հանձնաժողով ձևավորված չէ, քննարկվում են այն պայմանները, որով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել: Մեր համոզմունքն է, որ քանի դեռ կոնկրետ մեխանիզմներ չեն ներդրվել, կոնկրետ քայլեր չեն իրականացվել սահմանագոտում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները՝ մտադրված կամ երբեմն պատահական, տեխնիկական պատճառներով տեղի ունեցող բախումները սահմանագծին, այդ հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծվելու և աշխատելու հարցում»,-ասաց Միրզոյանը:
Արարատ Միրզոյանը պատասխանել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։
Պատգամավորը նշել է, որ կան կարծիքներ, թե համաձայնելով Թուրքիայի հետ երկխոսությանը, հայկական կողմը ընդունում է այն նախապայմանները, որոնք տարիներ շարունակ ունեցել է թուրքական կողմը։ Ղազարյանը նշեց, որ կա նաև մտավախություն, որ հետագայում, հաշվի առնելով նախկին փորձը, թուրքական կողմը կարող է առաջադրել նախապայմաններ։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի առնչությամբ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Գործընթացը մեկնարկել է, ըստ էության, ճանաչողական և տեխնիկական բնույթ է ունեցել, ինչ-որ առումով բովանդակային դետալների և հետագա ընթացքի վերաբերյալ քննարկում և հերթական անգամ տեսանք, որ որևէ նախապայման չկա»,- ասաց Միրզոյանը։
Սոնա Ղազարյանն ի պատասխան նշեց, որ կա նաև տեսակետ, որ Անկարան որևէ փուլում կարող է կապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, այսպես կոչված, միջանցքային տրամաբանության հետ։ Պատգամավորը ցանկացավ, որպեսզի ԱԳ նախարարը արձագանքի նաև այս խնդրին։
Միրզոյանի խոսքով՝ իսկապես կային մի քանի հրապարակումներ թուրքական փորձագիտական շրջանակներից, պատգամավորական շրջանակներից միջանցքի տրամադրման վերաբերյալ։
«Այստեղ կրկին մեր դիրքորոշումը վաղուց և բազմիցս արտահայտվել է, որ մենք որևէ միջանցքային տրամաբանության չենք համաձայնելու, դա մեզ համար անընդունելի է։ Մենք կողմ են տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը և գիտակցում ենք, որ այդ ապաշրջափակման արդյունքներով ինչպես Հայաստանն է ճանապարհներ ստանալու երկաթուղային և ավտոմոբիլային Ադրբեջանի տարածքով, հայ-թուրքական սահմանի բացման պարագայում նաև Թուրքիայի տարածքով, այնպես էլ Թուրքիան և Ադրբեջանը պետք է կարողանան օգտվել հայաստանյան ճանապարհներից։ Այստեղ կարևորը այն է, որ մեզ համար և ,կարծես թե, այդպիսին ընդհանրական ընկալում ունենք կամ պետք է լինի, որ որևէ ճանապարհից, որից կօգտվի երրորդ կողմը պետք է լինի այն երկրի սուվերենության և օրենսդրության տակ, որի տարածքով անցնում է, այն է՝ Հայաստանի Հանրապետության տարածքով որևէ միջանցք չի կարող լինել։ Չի կարող լինել նաև այն պատճառով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կա մեկ միջանցք, դա Լաչինի միջանցքն է, մնացած ճանապարհների մասին խոսվում են որպես ճանապարհներ»,- եզրափակեց Միրզոյանը։