Իբրահիմ Ռայիսին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին, տեղեկացնում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը:
Կայքի հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ Ռայիսին նշել է, որ Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը Ադրբեջանի հետ համագործակցության զարգացումն է, հատկապես՝ Կովկասում։
Նա ասել է, որ թաքֆիրական և ԻՊ ուժերի ներկայությունը ցանկացած վայրում ձեռնտու չէ տարածաշրջանի ժողովուրդներին։
«ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից ստեղծված այս խմբերն ամենուր հանցավոր գործողություններ են կատարել։ Սիոնիստական ռեժիմը մարդկության թշնամին է և, ամեն դեպքում, չի կարող լինել մուսուլման ժողովուրդների բարեկամը»,- ասել է Ռաիսին։
Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի զինված ուժերի ներկայությամբ և գիտակցված դերակատարմամբ թաքֆիրականները և մուսուլմանների հետ համաձայնության չգնացողները չեն կարողանա հաստատվել տարածաշրջանում։