ԱՄՆ պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ամոս Հոխշտեյնը հունվարի 30-ին հանդիպել է Իսրայելի էներգետիկայի նախարար Կարին Էլհարարի հետ: Հանդիպման օրակարգում է եղել Իսրայելի և Լիբանանի միջև ծովային սահմանի դեմարկացիայի խնդիրը:
Հաղորդվում է նաև, որ Հոխշտեյնը մեկնելու է Բեյրութ և հանդիպելու է լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ վերոնշյալ խնդրի քննարկման համար:
Ուշագրավ է, որ Հոխշտեյնի այցին նախորդել էին իսրայելական և լիբանանյան կողմերի հայտարարությունները առ այն, որ կողմերը պատրաստակամ են շարունակել բանակցությունները ԱՄՆ միջնորդությամբ ծովային սահմանազատման շուրջ: Նշենք, որ միջնորդավորված բանակցությունները Լիբանանի և Իսրայելի միջև սկսվել են 2020 թվականին, սակայն ընդհատվել են և հաջողություն չեն գրանցել: Պատճառը կողմերի միջև հակասությունն է, որը վերաբերում է Միջերկրական ծովի 860 քառ.կմ տարածք զբաղեցնող եռանկյունաձև հատվածին: Նշված վիճելի հատվածում հայտնաբերվել են բնական գազի պաշարներ: