Փետրվարի 1-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հյուրընկալել է Կատարի էմիր շեյխ Թամիմ Համադ Ալ-Թանիին և հայտնել, որ մտադիր է Կատարին ճանաչել որպես ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող կարևոր դաշնակից:
Ըստ Բայդենի՝ Կատարին ճանաչելով որպես ԱՄՆ-ի գլխավոր՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող դաշնակից նշանակում է «պաշտպանության և անվտանգության ոլորտում զարգացող համագործակցությունում ճանաչել երկու երկրների ազգային շահերը»:
ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախագահի այս մտադրությունը խորհրդանշական ուղերձ է Կատարի հետ առկա երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում:
ԱՄՆ Պենտագոնի խոսնակն իր հերթին հավաստիացրել է, որ այս ճանաչումը «նոր հնարավորություններ» կբացի հատկապես ռազմական համագործակցության ոլորտում:
Նշենք, որ «ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող կարևոր դաշնակից» անվանումը կրող երկրներն իրավունք ունեն ԱՄՆ զորքերի համար պահեստային տեխնիկայի պաշարներ ընդունել, իսկ այդ երկրների մասնավոր ընկերությունները կարող են հայտեր ներկայացնել ԱՄՆ ռազմական տեխնիկայի պահպանման կամ վերանորոգման շուրջ պայմանագրերի ձևակերպման համար, ինչպես նաև հեշտացնել ռազմական վերապատրաստման պայմանագրերի կնքումը Վաշինգտոնի հետ:
ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող կարևոր դաշնակից ճանաչվելը Կատարին հնարավորություն կտա ընդլայնել համագործակցությունը Վաշինգտոնի հետ ռազմական հետազոտությունների և վերապատրաստման ոլորտում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Կատարի միջև անվտանգային և պաշտպանական բնույթ կրող հարաբերությունները զարգացել են «Ռազմավարական երկխոսություն» նախաձեռնության միջոցով, որը մեկնարկել է 2018 թվականին և անցկացվում է ամեն տարի: Երկու երկրների հարաբերությունները նշանավորվում են ռազմական համագործակցությամբ դեռևս 1992 թվականից, երբ ԱՄՆ-ը և Կատարը ստորագրել էին պաշտպանական համագործակցության շուրջ համաձայնագրեր: Ըստ այդ համաձայնագրերի՝ Վաշինգտոնն օգտագործում է Կատարի Ալ-Ուդեյդ ռազմաբազան, որն ամենամեծն է Մերձավոր Արևելքում: Ռազմաբազայում կա ավելի քան 8000 ամերիկացի զինվոր։