Հունվարի 31-ին Բահրեյնը մեկնարկել է Մերձավոր Արևելքում «ամենամեծ ռազմածովային» զորավարժությունները Կարմիր ծովում, Արաբական ծովում, Օմանի նեղուցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում:
Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարությունը՝ «IMX / CE 2022» անվանումը կրող զորավարժություններում ներառված են 50 նավեր և 9000 զինծառայողներ մոտ 60 երկրներից և միջազգային կազմակերպություններից: Զորավարժությունները տևելու են 18 օր:
Հաղորդվում է, որ զորավարժությունների մասնակիցները ներկայացվող տարբեր սցենարներում փորձարկելու են հակաօդային պաշտպանության համակարգեր և արհեստական բանականություն:
Զորավարժության նպատակներից է նաև ռազմածովային անվտանգությանն ուղղված գործողությունների, ծովային հսկողության և ականների հակազդման կարողությունների բարձրացումը:
Վարժանքների մասնակից երկրների թվում են ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Իսրայելը և այլ պետություններ: