Հավանական է, որ Բաքուն ակնկալում է մեծացնել ռազմաօդային ուժերում ինքնաթիռների թիվը՝ գնելով Թուրքիայից և Վրաստանից: Այս մասին Forbes ամսագրում գրել է վերլուծաբան Փոլ Իդդոնը:
Վերլուծաբանի խոսքով՝ Ադրբեջանը, որի ներկայիս ռազմաօդային ուժերը բաղկացած են ռուսական արտադրության մեկ տասնյակ «ՄիԳ-29» կործանիչներից և մեկ տասնյակ «Սու-25» գրոհային ինքնաթիռներից, հնարավոր է, հուսով է ձեռք բերել ուսումնամարզական ինքնաթիռներ, մասնավորապես՝ թուրքական երկտեղանի խողովակապտուտակային TAI Hürkus ուսումնամարզական ինքնաթիռներ, որոնք կարելի է օգտագործել նաև որպես թեթեւ գրոհայիններ:
«Ադրբեջանը կարող է նաև հետաքրքրված լինել Hürjet-ով, երբ այն դուրս գա հավաքման գծից՝ ուժեղացնի իր ավիացիան, պատրաստի նոր օդաչուներ և գործող օդաչուներին թռիչքի լրացուցիչ ժամանակ տա»,- գրել է Իդդոնը՝ հավելելով, որ Բաքուն կարող է նաև այլ տարբերակ դիտարկել՝ թուրքական մարտական/ուսումնավարժական TAI Hürjet ինքնաթիռը։
Ինչպես հայտնում է Defense News-ը, նոյեմբերին Նիգերը դարձավ առաջին երկիրը, որը գնեց Turkish Aerospace Industries-ի (TAI) Hürkuş ուսումնամարզական ինքնաթիռը։ Ինքնաթիռը, որը կարող է 3300 ֆունտ զենք կրել և թռիչք կատարել անպատրաստ թռիչքուղիներից, նախատեսված է օդաչուների պատրաստման և հետախուզական կամ նույնիսկ թեթև գրոհային առաջադրանքների համար:
«Թուրքիան օգնել է Բաքվին արդիականացնել իր գրոհային ինքնաթիռները, որպեսզի դրանք համատեղելի դարձնի թուրքական և տեղական սպառազինությունների, այդ թվում՝ թուրքական SOM թեւավոր հրթիռի հետ, որի հեռահարությունը մոտ 150 մղոն է»,- գրել է Իդդոնը:
Նրա խոսքով՝ ինքնաթիռները հագեցած են նաև ռադիոէլեկտրոնային դիմակայության բելառուսական «Թալիսման» բլոկներով, որոնք, ինչպես ենթադրվում է, մեծացրել են դրանց կենսունակությունը Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում։
Իդդոնը նշել է, թե Ադրբեջանը կարող է ոգեշնչված լինել Հայաստանից, որը «Ռուսաստանից գնել է չորս գերմանևրելի «Սու-30ՍՄ» բազմաթիրախային կործանիչներ, որոնք նույնիսկ չեն օգտագործվել 2020 թվականի հակամարտության ժամանակ, չնայած որ ամենաառաջադեմ և մարտունակ կործանիչն են եղել Երևանի զինանոցում»։