Սիրիայի անդամակցության վերականգնումն Ալժիրում կայանալիք Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթաժողովին կախված է Դամասկոսի և արաբական պետությունների դիրքորոշումներից: Այս մասին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Աբուլ Ղեյտը:
«Մինչև այս պահը, կարծես, Սիրիան չի մասնակցելու գագաթաժողովին,- հայտարարել է գլխավոր քարտուղարը Հորդանան կատարած այցի շրջանակում տրված մամուլի ասուլիսի ժամանակ, ապա ավելացրել, որ «խորհրդակցություններ են տեղի ունենան անդամ երկրների միջև, և եթե նրանք համաձայնեն խոսել Սիրիայի կառավարության հետ, իսկ Սիրիայի կառավարությունը նույնպես արձագանքի առաջարկվող դիրքորոշումներին, ապա ոչինչ չի կարող խանգարել Դամասկոսի վերադարձին»:
Ղեյտը նշել է, որ խոսքը լիգայի անդամ 21 երկրների համաձայնության մասին է: Նա նաև հիշեցրել է, որ այնուամենայնիվ կան երկրներ, որոնք ներկայումս անհավանական են համարում լիգայում Սիրիայի անդամակցության վերականգնումը:
Գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև Սիրիայի անդամակցության վերականգնմանը խոչընդոտող N2254 միջազգային բանաձևին, որը պահանջում է կոնկրետ դիրքորոշումներ, իսկ միջազգային միջնորդը պետք է խոսի և՛ ընդդիմության, և՛ սիրիական կառավարության հետ յուրաքանչյուր կողմի քայլերի մասին: Այս համատեքստում նա ընդգծել է, որ «արաբներից բացի ոչ ոք իրավունք չունի արգելել Սիրիայի վերադարձը լիգա»:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 12-ին Արաբական պետությունների լիգան կասեցրել էր Սիրիայի ակտիվությունը կազմակերպությունում և կոչ էր արել արաբական երկրներին հետ կանչել իրենց դեսպաններին Դամասկոսից քանի դեռ Սիրիան չի կատարել իր բոլոր պարտավորությունները և չի ապահովել քաղաքացիների պաշտպանությունը: