Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR) հայտնել է, որ Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներից շատերը հասել են Թուրքիա։
Փետրվարի 6-ին դիտարանը մանրամասնել է, որ ԻՊ-ի հարյուրավոր անդամներից (ովքեր փախուստի էին դիմել Հասաքայի Ալ-Սինա/Ղվերան բանտից) ոմանք հասել են Թուրքիա, ոմանք՝ Հալեպի արևելյան և հյուսիս-արևելյան հատվածներ։ ԻՊ-ի զինյալների մի մասն էլ թաքնվել է Հալեպի արվարձաններում՝ Հասաքայում, Ռաքայում, Դեր Զորում և Մանջիբում։
Դիտարանի հաղորդմամբ՝ ահաբեկիչներից շատերը ձերբակալվել են Սիրիայի զինված ուժերի իրականացրած անվտանգության գործողությունների ժամանակ։
Ուշագրավ է, որ դիտարանի աղբյուրների հաղորդմամբ՝ ահաբեկչական կազմակերպության երկու ղեկավարներ, ովքեր ձերբակավել են Սինայում/Ղվերան բանտում, ներկայումս Ջարաբլուսում են, որը թուրքական աջակցությունը վայելող խմբավորումների ազդեցության տակ գտնվող տարածք է։ Այս փաստը մեծ կասկած է առաջացնում, թե ինչպես են նրանք Հասաքայից հասել Ռաքա, այնուհետև՝ Մանջիբ և հետո Ջարաբլուս։
Աղբյուրները հավելում են, որ փետրվարի 3-ին Սիրիայի անվտանգության ուժերը կարողացել են Ռաքքայի հյուսիսում գտնվող Հեյշա գյուղում ձերբակալել մաքսանենգին և 3 անձանց, ովքեր որոնման մեջ էին գտնվում։ Նրանք գտնվում էին Հեյշա գյուղում, որպեսզի մաքսանենգը նրանց տեղափոխեր Թուրքիա։ Յուրաքանչյուրի համար վճարվելու էր 4000 ԱՄՆ դոլար։
Դիտարանի աղբյուրների տեղեկություններով՝ ձերբակալված անձիք կապի մեջ են եղել Ջարաբլուսում գտնվող երկու ղեկավարների հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԻՊ-ի զինյալները հարձակվել են Սիրիայի Ալ-Սինա բանտի վրա, որի հետևանքով էլ հարյուրավոր ահաբեկիչներ դիմել էին փախուստի։ Հունվարի վերջին Սիրիայի դեմոկրատական ուժերը հայտարարել էին, որ ԻՊ-ի հետ բախումները Ալ-Սինա բանտում ավարտվել են՝ ավելացնելով, որ հարձակման կազմակերպիչները Իրաքից և Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող հատվածներից եկած զինյալներ են եղել։