Սիրիան կարող է օգտագործել բոլոր օրինական միջոցները՝ երկրի տարածքում Իսրայելի հարվածներին պատասխանելու համար, ասվում է Սիրիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։
«Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը խստորեն դատապարտում է Իսրայելի իրականացրած ագրեսիան Սիրիայի տարածքի նկատմամբ»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Սիրիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Իսրայելի հարվածները միջազգային իրավունքի սկզբունքների և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են։
«Նման հարձակումները վնասակար ազդեցություն կունենան դրանք իրականացնողների վրա, իսկ Սիրիան իրավունք ունի կիրառել բոլոր օրինական միջոցները դրանց պատասխանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Նկատենք, որ Դամասկոսում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովը նույնպես դատապարտել էր Իսրայելի հարձակումը Սիրիայի տարածքի նկատմամբ՝ կոչ անելով դադարեցնել դրանք։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի սիրիական կողմը հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի օդային տարածքից մի շարք հարվածներ են հասցրել՝ թիրախավորելով Դամասկոսը։ Սիրիայի ՀՕՊ-ին հաջողվել է խոցել հրթիռների մի մասը, սակայն հարձակման հետևանքով մեկ սիրիացի զինծառայող է սպանվել, հինգը՝ վիրավորվել։
Իսրայելական բանակը հայտարարել էր, որ պատասխան հարված էր հասցրել Սիրիայի տարածքից զենիթային հրթիռի արձակման առնչությամբ։