Ռուսաստանի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Ռաքքային և Համային, որի արդյունքում սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 9 զինյալներ: Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների սիրիական դիտարանը:
Նկատենք, որ Ռուսաստանն ԻՊ-ի դեմ հաճախ է ռազմական արշավներ իրականացնում Սիրիայում՝ Հոմս և Դեր Զոր նահանգների միջև ընկած անապատներում՝ թիրախավորելով այդտեղ թաքնված ահաբեկիչներին:
Ուշագրավ է, որ 2019 թվականի մարտին «Սիրիայի դեմոկրատական ուժերը» և Վաշինգտոնի կողմից գլխավորած միջազգային կոալիցիան հայտարարել են, որ ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: Սակայն դրա բջիջները շարունակում են դեռևս գործել Սիրիայի տարածքում և հարձակումներ իրականացնել՝ հիմնականում թիրախավորելով քրդական ուժերին:
Հիշեցնենք, որ հունվարին ԻՊ-ի զինյալները քրդերի կողմից վերահսկվող Ալ-Սինա բանտի վրա հարձակում էին իրականացրել, որի հետևանքով շատ ահաբեկիչներ կարողացան փախուստի դիմել: Իսկ ԱՄՆ-ի իրականացրած ռազմաօդային գործողության ժամանակ սպանվեց ԻՊ-ի առաջնորդ Աբու Իբրահիմ Ալ-Հաշիմի Ալ-Կուրայշը: