Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Իրաքը և Իսրայելը կոչ են արել Ուկրաինայում գտնվող իրենց քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը:
Քուվեյթի արտգործնախարարությունը նաև կոչ է արել իր քաղաքացիներին Ուկրաինա այցերը չեղարկել: Իսկ Կիևում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը հայտարարել է, որ սաուդցիները պետք է դիմեն դեսպանատուն՝ իրենց վերադարձը հեշտացնելու համար:
Կիրակի Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը նույնպես կոչ է արել իսրայելցիներին վերադառնալ հայրենիք:
«Մենք դեռ հույս ունենք, որ ճգնաժամը կլուծվի դիվանագիտական ճանապարհով, բայց մենք նաև որպես երկիր պատասխանատվություն ենք կրում այնտեղի Իսրայելի քաղաքացիների, ինչպես նաև հրեաների նկատմամբ»,- ընդգծել է Լապիդը։
Նշենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև աննախադեպ լարվածություն է տիրում դեռևս տարեսկզբից: Մոսկվան Ուկրաինայի սահմանին տեղակայել է 100 հազարանոց զորք, իսկ ԱՄՆ-ը պնդում է, որ Ռուսաստանը ցանկացած ժամանակ կարող է ներխուժել: Սակայն Մոսկվան հերքում է այս մեղադրանքները ՝ պնդելով, որ պաշտպանում է իր անվտանգության շահերը ՆԱՏՕ-ի և նրա դաշնակիցների ագրեսիայից: