Հայաստանը 28 կետով բարելավել է դիրքերը կոռուպցիայի ընկալման համաթվի աղյուսակում

667

2019-ին Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) արժեքն աճել է 7 միավորով` հասնելով 42-ի: Այսպիսով՝ ՀՀ-ն նախորդի համեմատ բարելավել է իր ցուցանիշը 28 կետով՝ 180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման աղյուսակում՝ Բահրեյնի և Սողոմոնյան կղզիների հետ կիսելով 77-ից 79-րդ տեղերը:

Ինչպես տեղեկացնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» միջազգային կազմակերպությունը՝ տարածաշրջանի 19 երկրի շարքում Հայաստանը զբաղեցնում է 4-րդ տեղը՝ 2018-ի 10-րդ տեղի փոխարեն:

Նշվում է, որ տարածաշրջանում Հայաստանը, ինչպես և 2018-ին, նախկին խորհրդային հանրապետություններից զիջում է Վրաստանին և Բելառուսին, որոնց ԿԸՀ-ն 2019-ին կազմել են, համապատասխանաբար, 56 (զբաղեցնում է 44-ից 47-րդ տեղերը) և 45 (66-ից 69-րդ տեղեր):

Ըստ զեկույցի՝ Հայաստանում 2018-ի հեղափոխությանը և նոր խորհրդարանի ձևավորմանը հետևել են «հակակոռուպցիոն քաղաքականության բարեփոխումների խորացմանն ուղղված խոստումնալից զարգացումներ»: Սակայն ընդգծվում է, որ շահերի բախումը և հանրային ոլորտում ոչ թափանցիկ և ոչ հաշվետու գործողությունները շարունակում են խոչընդոտ լինել` ՀՀ-ում կոռուպցիայի վերջը տալու ճանապարհին:

«Քաղաքական բարեվարքության բարելավումը կպահանջի ժամանակ և միջոցներ, իսկ իրավապահ մարմինների և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության մեծացումն այն վճռորոշ առաջին քայլերն են, որոնք կապահովեն իշխանության ճյուղերի միջև զսպումները և հավասարակշռումները, ու կբարձրացնեն հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետությունը»,- ասվում է զեկույցում:

Աշխարհի երկրների ավելի քան երկու երրորդում, ներառյալ առավել զարգացած տնտեսություն ունեցողները, հակակոռուպցիոն ջանքերի առումով գրանցվել է լճացում կամ նահանջ: Ըստ վերլուծության՝ կոռուպցիան ավելի տարածված է այն երկրներում, որտեղ դրամն ազդում է քաղաքական իշխանության վրա: