Արցախի նախագահը ողջունել է ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը

327

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունել է Ռուսաստանի նախագահի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու որոշումը: Արայիկ Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

«Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը:Ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք:

Անկախ պետականության կերտումը և նրա միջազգային ճանաչումը հրամայական է դառնում հատկապես գոյաբանական վտանգների ներքո, քանի որ այն բավականին ազդեցիկ ու քաղաքակիրթ միջոց է արյունահեղության և մարդասիրական աղետի կանխարգելման համար:

Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ պայքարում է իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար և ստիպված է եղել բազմիցս անցնել ծանր փորձությունների ու ցեղասպան գործողությունների միջով:

Ուստի, համոզված ենք, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը:Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ։ Հուսով ենք, որ երբեմնի ծաղկող այս երկրում կրկին կվերահաստատվի ամուր խաղաղություն և կայունություն»,- գրել է Հարությունյանը:

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի սուվերենությունը ճանաչելու մասին։ Պուտինն այս մասին հայտարարեց ռուս ժողովրդին ուղղված ուղերձում։ ՌԴ նախագահն ուղերձից հետո ստորագրեց Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը ճանաչելու մասին հրամանագրերը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարների հետ ստորագրեց բարեկամության և փոխադարձ օգնության մասին համաձայնագրեր։