«Հեզբոլլահը» հայտարարել է, որ մերժում է Լիբանանի և Իսրայելի միջև ծովային սահմանազատման բանակցություններում Բեյրութին պարտադրվող «պայմանների փաթեթը»՝ պնդելով, որ թույլ չի տա իսրայելական կողմին գազ արդյունահանել, եթե Լիբանանը նույնպես դա չի կարողանում անել։
«Հեզբոլլահը» մշտապես հայտարարել էր, որ սատարում է կառավարությանը Իսրայելի հետ ծովային դեմարկացիայի հարցերում: Սակայն ուշագրավ է, որ լիբանանյան իշխանությունները չեն բացահայտել, թե ինչ պայմաններ է առաջադրել Հոխշտեյնը Բեյրութ կատարած վերջին այցի ժամանակ:
Նշենք, որ հունվարին ԱՄՆ պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ամոս Հոխշտեյնը հանդիպումներ էր ունեցել Լիբանանի և Իսրայելի էներգետիկայի նախարարների հետ՝ քննարկելու ծովային սահմանազատման խնդիրը: Ավելի վաղ երկու կողմերն էլ հայտարարել էին, որ պատրաստ են շարունակել բանակցությունները ԱՄՆ միջնորդությամբ: Միջնորդավորված բանակցությունները Լիբանանի և Իսրայելի միջև սկսվել են դեռևս 2020 թվականին, սակայն ընդհատվել են և հաջողություն չեն գրանցել: Պատճառը կողմերի միջև հակասությունն է, որը վերաբերում է Միջերկրական ծովի 860 քառ.կմ տարածք զբաղեցնող եռանկյունաձև հատվածին: Նշված վիճելի հատվածում հայտնաբերվել են բնական գազի պաշարներ: